Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Եվգենի Կասպերսկի. Ինձ համար պատիվ է համալրել մրցանակակիր ՏՏ գուրուների շարքը

Եվգենի Կասպերսկի

Եվգենի Կասպերսկի. Ինձ համար պատիվ է համալրել մրցանակակիր ՏՏ գուրուների շարքը

By In Նորություններ On August 17, 2016


Եվգենի Կասպերսկին այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակ, որտեղ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ համատեղ ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:  

Եվգենի Կասպերսկին ափսոսանք է հայտնել, որ չի կարողանում հաճախ այցելել Հայաստան, հատկապես տաք եղանակին: 

«Սակայն այսօր խոստանում եմ իմ հայ գործընկերներին առնվազն 2-3 տարին մեկ անգամ գալ Հայաստան»,- ասել է ՏՏ անվտանգության ոլորտի գուրուն: 

Խոսելով ՏՏ ոլորտում առկա վտանգների մասին` Եվգենի Կասպերսկին դրանք դասակարգել է երեք հիմնական խմբի՝ կիբերհանցագործություններ, կիբերլտրեսության ռիսկերի աճ եւ առանցքային ենթակառուցվածքները վնասելուն ուղղված կիբերզենքերի կիրառման վտանգներ:

ՏՏ ոլորտի անվտանգության մասնագետի կանխատեսումներով՝ թվային սարքավորումների եւ համակարգերի լայն կիրառումը հանգեցրել է նրան, որ աշխարհն ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության վտանգների առջեւ: 

«20 տարի առաջ մենք կիբերտարածքը պաշտպանում էինք խուլիգաններից, որոնք հիմնականում համակարգչային վիրուսներ ստեղծող անչափահասներն էին:  Այնուհետեւ առաջ եկավ կիբերհանցագործությունը, սկզբում փոքր հանցագործություններ, իսկ ավելի ուշ՝ ավելի կազմակերպված բնույթի հանցագործությունների տեսքով: Հետո սկսեցինք պայքարել կիբերլրտեսության, իսկ այսօր արդեն՝ կիբերահաբեկչության դեմ»,- նկատել է Եվգենի Կասպերսկին:

Նրա խոսքով՝ կիբերահաբեկչության դեմ պայքարում իր ղեկավարած ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների իրավապահ մարմինների եւ միջազգային կառույցների, այդ թվում՝ Ինտերպոլի հետ:  

«Մենք երբեք չենք օգնելու ահաբեկչական խմբերին, ինչպիսին «Իսլամական պետությունն» է, կիբեր հարձակումներ կազմակերպել կամ պաշտպանել նրանց համակարգերը»,- ասել է ՏՏ ոլորտի գուրուն: 

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում իր մասին շրջանառվող այն որակումներին, թե «Կասպերսկին աշխարհում ամենավտանգավոր մարդկանցից մեկն է», նա հումորով պատասխանել է.  

«Կիբերհանցագործների համար ես, երեւի թե, ամենավատանգավոր, ամենավատ, անցանկանալի մարդկանցից եմ, քանի որ իմ աշխատանքը համակարգչային համակարգերն անվտանգ ու մաքուր դարձնելն է»: 

Վաղը ՀՀ նախագահի նստավայրում Եվգենի Կասպերսկիին կշնորհվի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը: 

Եվգենի Կասպերսկին վեցերորդն է այս մրցանակին արժանացածների շարքում: 

«Ինձ համար մեծ պատիվ է համալրել նախորդ տարիների մրցանակակիր տեխնոլոգիական գուրուների շարքը: Հաճելի է տեսնել, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զգալի աջակցություն է ստանում պետական մակարդակով»,- ասել է մրցանակակիրը: 

Մրցանակաբաշխության հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հսկայական ներուժ: 

«Ժամանակակից աշխարհում, որտեղ ազգերի հզորությունը կախված է նրանց տեխնոլոգիական և տնտեսական ներուժից, ՏՀՏ-ն համարվում է տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ մենք շարունակաբար ականատես ենք լինում հայ մասնագետների նվաճումներին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հսկայական ներուժ, որն իր հերթին կարող է խթան հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար:  Ուստի, մենք պարտավոր ենք աջակցել ազգային կարևորության այսօրինակ ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վեց տարիների ընթացքում 125 մլն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:

Աղբյուրը` itel.am


About the Author

admin

Leave a comment