Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Ընտրություն և պարգևատրում

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Թեկնածությունների ներկայացման հրավեր

Մրցանակի համար հավակնորդները նրանք են, ում թեկնածությունը ներկայացվել է մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի կողմից` թեկնածուների անունների ներկայացման հրավեր ստացած անձիք: Ոչ ոք չի կարող առաջադրել ինքն իրեն:

Գործադիր խորհուրդը մրցանակաբաշխության հավակնորդների ներկայացման ձևաթերթեր է ուղարկում ՏՏ մասնագետներից, արդյունաբերության առաջատարներից, գիտնականներից և կրթական աշխատողներից ձևավորված սահմանափակ խմբին, որը նախապես ընտրվել է խորհրդի կողմից` գործադիր խորհրդի անդամների, համանախագահների և Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի խորհրդատուների խորհրդում:

Հավակնորդ-թեկնածուների լրացված ձևաթերթերը պետք է մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդին ներկայացվեն նախապես հայտարարված ժամանակացույցին համապատասխան: Գործադիր խորհուրդը դիտարկում է թեկնածությունները և, հաշվի առնելով համանախագահների և խորհրդատուների առաջարկություններն ու կարծիքները, ընտրում նախնական հավակնորդներին: Այդ հավակնորդների ցուցակը այնուհետև ներկայացվում է ընտրող հանձնաժողովին` հետագա քննարկման համար: Մինչ հանձնաժողովին ներկայացնելը գործադիր խորհուրդը կարող է ստուգել մրցանակաբաշխությանը հավակնորդի ներկա գտնվելու (մրցանակակիր դառնալու դեպքում Հայաստան ժամանելու) հնարավորությունը:

Մրցանակակրի ընտրություն

Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհդի կողմից նշանակված օրը ընտրող հանձնաժողովը քվեարկում է և ձայների մեծամասնությամբ որոշում մրցանակակրին: Գործադիր խորհրդի որոշմամբ քվեարկությունը կարող է անցկացվել անդամների ֆիզիկական ներկայությամբ և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Որոշումը վերջնական է և վիճարկման ենթակա չէ: Այնուհետև մրցանակակիրը տեղեկացվում է մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի կողմից, և ճշտվում է նրա ներկայության հնարավորությունը:

Մրցանակաբաշխության արարողություն և դրան ուղեկցող իրադարձություններ

Նախապես պայմանավորված օրը՝ հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակակիրը Հայաստանի Հանրապետության Նախագահից ստանում է իր մրցանակը: Մրցանակաբաշխությանը հաջորդում է երեք օր տևողությամբ ծրագիր, որը ներառում է ծանոթացում երկրի ՏՀՏ ոլորտի հետ, շնորհանդեսներ ՏՏ ակադեմիական և գործարար հանրությունների և լայնածավալ լուսաբանում լրատվական միջոցների կողմից: Ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: