Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Թոնի Ֆադել. «Ես լավատես եմ մարդու և ռոբոտի համագոյակցության հարցում»

Թոնի Ֆադել

Թոնի Ֆադել. «Ես լավատես եմ մարդու և ռոբոտի համագոյակցության հարցում»

By In Նորություններ On December 1, 2017


Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Թոնի Ֆադելն ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում:

iPod ապրանքանիշի հեղինակ, գյուտարար Թոնի Ֆադելը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին:

Թոնի Ֆադելը ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների) հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տեխնոլոգիաների զարգացման և հանրության ու հաջորդ սերունդների բարեկեցության վրա դրանց թողած ազդեցությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բոլոր ոլորտներում ռոբոտների տարածումը սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար, Ֆադելն ասել է. «Ես լավատես եմ մարդու և ռոբոտի համագոյակցության հարցում»:

Թոնի Ֆադելի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը հսկայական է, և տեխնոլոգիաները կարող են զգալիորեն խթանել ոլորտի եկամտաբերությունը՝ ի նպաստ աշխարհի տարբեր մասերում գտնվող գյուղատնտեսական համայնքների բարեկեցության: Ըստ գյուտարարի՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներն այն ոլորտն է, որտեղ նա ցանկանում է ներդրումներ կատարել առաջիկա տարիների ընթացքում:

iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա այսօր՝ ՀՀ նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Թոնի Ֆադելը ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար այս մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.)«Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.)«Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.)Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, (2014թ.)«Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.) և «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը (2016թ.):

Անդրադառնալով ՀՀ նախագահի մրցանակին՝ Թոնի Ֆադելը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը և անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է ձեր երկիրը, մեկ անհատ կամ մեկ թիմ կարող է հանգեցնել աշխարհում մեծ փոփոխության: Եվ կարիք չկա, որպեսզի դուք հասնեք Սիլիկոնյան հովիտ՝ արդեն հաջողված նախաձեռնությունը կրկնելու համար: 1991 թ.՝ նույն թվականին, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ես առաջին անգամ մեկնեցի Սիլիկոնյան հովիտ, և դա հրաշալի փորձառություն էր: Այնուամենայնիվ՝ ես որոշեցի, որ պետք է շրջագայեմ ամբողջ աշխարհով մեկ՝ իմանալու համար ավելին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան միավորել տարբեր համայնքների՝ դրանք ավելի լավը և ուժեղ դարձնելու համար: Ուստի ես քաջալերում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ՏՀՏ ոլորտում կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ, որպեսզի ներարկեմ վստահություն առ այն, որ հնարավոր է արձանագրել մեծ հաջողություններ և դրանց հասնել սեփական ռեսուրսներով, պայմանով՝ եթե բաց եք աշխարհի առջև»:

«Երբ ութ տարի առաջ հիմնվեց այս անչափ կարևոր մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականանալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդներն ամեն տարի կժամանեն Հայաստան ստանալու այս պատվավոր մրցանակը։ Այսօր այն լիովին կայացած և միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգև է։ Եվ ես և իմ գործընկերներն անչափ հպարտ ենք այս հանգամանքով», — ասել է Հովիկ Մուսայելյանը:

«Զարգացած տեխնոլոգիաները տնտեսական զարգացման և առաջընթացի գրավականն են: Տեխնոլոգիական լուծումները ստեղծագործ մտքի, որակյալ մասնագիտական կրթության և նորարարությունը խթանող միջավայրի արգասիք են: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հզոր ներուժ: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարևորություն ներկայացնող ՏՀՏ ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը: Ութերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախևառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության և աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկրի, վարկանիշի բարձրացմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի մենք մեծ պատիվ ունենք ավելացնելու ՀՀ նախագահի մրցանակաբաշխության դափնեկիրների շարքին Թոնի Ֆադելին՝ գլոբալ ՏՏ ոլորտի հսկային, ով իր հայտնագործությունների շնորհիվ մեծ ազդեցություն է ունեցել մարդկության վրա։ Թոնին կարողացել է նախագծել և ստեղծել iPod-ի ապրանքանիշը, որը հանդիսանում է հիմնական բջջային հարթակներից մեկը և որն արդեն փոխել է գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը և մարդկության զարգացման ընթացքը», — նշել է Թոնի Մորոյանը:

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում ընկած է համոզմունքը, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է հետևողական աջակցությունը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ ոլորտի վրա հրավիրելու առումով՝ իբրև մասնագիտացման ոլորտ: Մրցանակաբաշխության աջակցությունը ընկերության կողմից իրականացվող ներդրումներից է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:

Ութերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության գլխավոր գործընկերությունը: Մինչ օրս ընկերությունը 162.2 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:

Աղբյուրը՝ yerkirmedia.am


About the Author

admin

Leave a comment