Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Լավագույնները ՏՏ ոլորտում. նախագահի մրցանակը շնորհվում է իտալացի գիտնականին

Ֆեդերիկո Ֆաջին

Լավագույնները ՏՏ ոլորտում. նախագահի մրցանակը շնորհվում է իտալացի գիտնականին

By In Նորություններ On August 15, 2013


Երևանում է գտնվում աշխարհում առաջին միկրոպրոցեսոր նախագծող Synaptics ընկերության պատվավոր նախագահ, իտալացի ֆիզիկոս, էլեկտրատեխնիկ Ֆեդերիկո Ֆաջին, ով Հայաստան է ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2012 թ. մրցանակը ստանալու: 

2009-ին «Սինոփսիս Հայաստան» ընկերության կողմից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսական աջակցությամբ (մոտ 22 մլն դրամ կամ 58.000 դոլար) ստեղծված մրցանակաբաշխությունը, ըստ կազմակերպիչների, «համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծում է Հայաստանը` որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն»: Համաշխարհային ՏՏ մրցանակը արդեն երրորդ տարին շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: 

Դոկտոր Ֆաջինը մրցանակի երրորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը շնորհվել էր «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթին, երկրորդ մրցանակը` Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին:

«Հայաստանը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը կարող է նպաստել մեր երկրի տնտեսական աճի արձանագրմանը»,- չորեքշաբթի Ֆաջինի հետ հանդիպման ժամանակ ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարևորելով Ֆաջինի այցելությունը Հայաստան` մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը վստահություն է հայտնել, որ մի քանի տարի անց այս մրցանակակիրները կբարձրացնեն Հայաստանի` որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկրի վարկանիշն ու ճանաչելիությունը։

«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կարձանագրենք, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր և հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, եկել են Հայաստան` իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակակից մշակույթ»,- ասում է Մուսայելյանը:

71-ամյա գիտնականին հինգշաբթի շնորհվեց նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: «Միկրոպրոցեսորի հայրն» այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաև կառավարության պաշտոնյաների և ՏՏ ոլորտի մասնագետների, համալսարանների դասախոսների և ուսանողության հետ:

«Սիլիկոնային հովտի» լեգենդներից համարվող Ֆաջինը 1970-ականներին ղեկավարել է աշխարհում առաջին միկրոպրոցեսորի նախագծման ու զարգացման գործընթացը, նաև աշխատելով Intel կորպորացիայում` վերահսկել է առաջին 8-բիտանոց միկրոպրոցեսորների (Intel 8080) ստեղծումը: 

1986-ին Ֆաջինը համահիմնադրել է Synaptics ընկերությունը, որը մշակել է առաջին սենսորային պլանշետները, որոնք այժմ համատարած կիրառվում են նոութբուքներում և բջջային հեռախոսներում: Այժմ Synaptics ընկերության պատվավոր նախագահն ու բանականության ուսումնասիրությանը նվիրված «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» շահույթ չհետապնդող հիմնադրամի նախագահն է:

Աղբյուրը` www.armenianow.com


About the Author

admin

Leave a comment