Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Համաշխարհային ՏՏ մրցանակի առաջին դափնեկրի պարգեւատրման արարողություն

Քրեյգ Բարեթ

Համաշխարհային ՏՏ մրցանակի առաջին դափնեկրի պարգեւատրման արարողություն

By In Նորություններ On June 28, 2009


ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: ՀՀ Նախագահի 2009թ. մրցանակը շնորհվել է “Ինտել” կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակը` մասնավորապես ասել է.

“Հարգելի´ տեր և տիկին Բարեթներ,
Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում «Ինտել» կորպորացիայի երկար տարիների գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ պարոն Քրեյգ Բարեթին և տիկնոջը: Այսօր Երևանում առաջին անգամ հենց պարոն Բարեթին ենք շնորհում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր¬տում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը:

«Ինտել» կորպորացիան և անձամբ ինքը` պարոն Բարեթը, ներկայացման կարիք չեն զգում: Յուրաքանչյուր մարդ, ում աշխատանքային օրն սկսվում է համակարգիչը միացնելով, քաջատեղյակ է այդ անուններին: Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման կարևորությունն իսկապես շատ մեծ է: Թերևս, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը տեղեկատվության եւ գիտելիքի մատչելիության ապահովումն է և համընդհանուր գրագիտության մակարդակի բարձրացումը: Այս երկու բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաները կատարում են իսկական հեղափոխություն:

Այս մրցանակի ստեղծման ամենակարևոր նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ եւ միջոցներ: Այսօր, պարոն Բարեթի ներկայությամբ, մեկ անգամ ևս մեր երիտասարդներին ուղերձ ենք հղում այն մասին, որ ապագան գիտելիքով, բարությամբ ու ստեղծագործելու հմտությամբ օժտված մարդունն է, ով ապավինում է մտքի ուժին ու տիրապետում լուծումներ գտնելու արվեստին:

Մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք: Դրա շնորհիվ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը: Իսկ դրանք հրաշքներ են գործում, որովհետև ոչ մի դրամագլուխ կամ հոսքագիծ, կամ համակարգչային ծրագիր չի կարող գերազանցել անհատ մարդ արարածի ստեղծագործական հնարավորությունները: Այս բնագավառում մենք ունենք զարգացման անսպառ ներուժ:

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Ուշագրավ է, որ պարոն Բարեթը չի սահմանափակվել զուտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով: Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս կնկատեք, որ նա հիմնական աշխատանքին զուգահեռ նաև ՄԱԿ-ի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքի նախագահն է եղել: Միևնույն ժամանակ, աշխուժորեն ներգրավվել է իր հարազատ երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ազգային ծրագրերի իրականացման գործում, աշխատել է ԱՄՆ-ի Նախագահին առընթեր խորհրդատվական մարմինների կազմում: Պարոն Բարեթին ներկայացնելիս մարդիկ հաճախ են նրան բնորոշում որպես աշխարհում ուսման բարելավման առաջավոր պաշտպան` մարդ, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է:

Սա է մեր ժամանակների գործարարի իմ տեսլականը: Ես ուզում եմ, որ Հայաստանի գործարարները խորհեն այս օրինակի շուրջ: Իմ ցանկությունն է, որ այսպիսին լինեն նաեւ մեր երկրի բոլոր ձեռներեցները: Խոսքս բնավ զուտ բարեգործության մասին չէ: Խոսքս ընդհանուր առմամբ հասարակության առջև պատասխանատվություն ստանձնելու, երկարաժամկետ հանրային լուրջ վնասի վտանգի առաջ կանգնելու դեպքում, կարճաժամկետ ու անցողիկ շահույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին է: Խոսքս մեծ դրամի գայթակղություններին` ագահությանն ու մեծամտությանը չտրվելու մասին է: Ուրախ եմ ասելու, որ Հայաստանում կան այսպիսի գործարարներ, և նրանք քիչ չեն: Իհարկե, մասշտաբը նկատի չունեմ, այլ` զուտ մոտեցումը:

Ես շնորհակալություն եմ հայտնում «Սինոփսիս» ընկերության Հայաստանի մասնաճյուղին և նրա գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին. այս մրցանակի մտահղացման առաջին իսկ վայրկյանից «Սինոփսիսը» և անձամբ պարոն Գոլդմանն աշխուժորեն ներգրավվեցին այն իրականություն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահներին, խորհրդատվական և գործադիր խորհուրդների ու ընտրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման ներդրեցին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հարգելի´ տեր և տիկին Բարեթներ,

Ուրախ եմ, որ դուք Երևանում եք: Հուսով եմ` այս օրերի ընթացքում դուք կկարողանաք ծանոթանալ Հայաստանին, մեր պատմությանը, մշակույթին եւ սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր սերը, հարգանքն ու ջերմությունը: Պարոն Բարեթ եւ տիկին Բարեթ, շատ ուրախ եմ այսօրվա համար եւ շատ շնորհակալ եմ ձեզ”:

Քրեյգ Բարեթը, Հայաստանի Հանրապետության Նախագահ կողմից ստանալով մրցանակը, ասել է. “Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել եւ ներկայացնել արդյունաբերության մեր բոլոր ռահվիրաներին ու ջատագովներին, ովքեր ի սպաս են դնում հրաշալի տեխնոլոգիաներ: Հաճելի է Հայաստանում գտնվել` դառնալով Ձեր մրցանակի առաջին կրողը: Ես այստեղ եմ ոչ թե որպես անհատ, այլ` ներկայացնում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստն են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում եւ հասցրել են դրանք ներկայիս վիճակին”:

Քրեյգ Բարեթի խոսքով, տարիների ընթացքում մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը կյանքի բոլոր ասպարեզներում, մասնավորապես` այն խթանում է տնտեսական զարգացումը, մեծապես ազդում է կրթական, առողջապական ոլորտների վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաները նաեւ տարեցտարի ավելի մեծ դեր են խաղում ժամանակակակից կառավարման համակարգերի արդյունավետության եւ հրապարակայնության ապահովման գործում:

Մրցանակի հանձնման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քրեյգ Բարեթի հետ, այնուհետեւ տեր եւ տիկին Բարեթների պատվին տրվել է ճաշ:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների: Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե եւ ադամանդե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի, “Սինոփսիս Արմենիա” ՓԲԸ-ի եւ հովանավորի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն:

2009թ-ի ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցով:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.president.am


Comments are closed here.