Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Համաշխարհային ՏՏ մրցանակի երկրորդ դափնեկրի պարգեւատրման արարողություն

Սթիվ Վոզնյակ

Համաշխարհային ՏՏ մրցանակի երկրորդ դափնեկրի պարգեւատրման արարողություն

By In Նորություններ On November 11, 2010


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակին արժանացած Սթիվ Վոզնյակին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակի խորհրդի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ Նախագահի մրցանակի գաղափարին և առաքելությանը, ներկայացրել՝ մրցանակի արժանացած Սթիվ Վոզնյակին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ

Հարգելի՛ պարոն Վոզնյակ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում մեր ժամանակների ամենանշանավոր ճարտարագետներից մեկին, «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր պարոն Սթիվ Վոզնյակին: Այսօր Երևանում պարոն Վոզնյակին ենք շնորհում, ինչպես ինքն է ասել հարցազրույցներից մեկում, «մի շատ հատուկ մրցանակ»` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը:

Լուրերի հոսքին հետևողները, անգամ նրանք, ովքեր չեն կիրառում իրենց առօրյա կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները, շատ լավ գիտեն, թե ո՞վ է Սթիվ Վոզնյակը և ի՞նչ դերակատարում է ունեցել:

Նա այն մարդն է, ով հեղափոխեց աշխարհը` նախաձեռնելով առաջին անհատական համակարգիչների ստեղծումը: Նրա շնորհիվ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատություններից, մեծ հիմնարկներից և մտան յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր մարդու կենցաղ: Ընդհանուր առմամբ, ես դեմ եմ հեղափոխություններին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք տեղի են ունենում քաղաքակրթության ոլորտում, այնպես՝ ինչպես ընդունվեց քրիստոնեությունը, ինչպես եղավ գրատպության, շոգեքարշի ստեղծման և, բնականաբար, համակարգիչների պարագայում: Սրանք ողջունելի հեղափոխություններ են:

Նրանք երկու ընկեր էին` երկուսն էլ Սթիվ անունով: Նրանցից մեկը` պարոն Ջոբսը, վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Ձեր ընկերոջ կորստյան կապակցությամբ ես, իհարկե, ցավակցում եմ Ձեզ, նրա ընտանիքին, բարեկամներին, հարազատներին: Եվ վստահ եմ, որ Սթիվ Ջոբսը դեռ երկար տարիներ ոգևորելու է շատ-շատ մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Հարգելի՛ պարոն Վոզնյակ,

Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա ևս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք և թերևս ամենակարևորը՝ լինել ազնիվ և աշխատասեր:

Հուսով եմ, որ այս հատուկ մրցանակը և Սթիվ Վոզնյակի օրինակը ոգեշնչելու են Հայաստանի ընտանիքներին` խրախուսելու իրենց զավակների ուսումը, որպեսզի այդ երեխաներն էլ հասնեն բարձունքների և նման մեծ ծառայություն մատուցեն իրենց հայրենիքին և ամբողջ մարդկությանը: Այն որակները, որ Ձեզ, պարո՛ն Վոզնյակ, փոխանցել, ներարկել է Ձեր հայրը, մշտապես լինելու են արդիական և պահանջված: Ուսումնատենչությունը, աշխատասիրությունը և ազնվությունը թույլ են տալիս գրավել ոչ միայն Ուոլ Սթրիթը, այլև ամբողջ աշխարհը` առանց բռնության և պատերազմի: Մանավանդ որ, ինչպես հայտնի է, ամենից թանկագին ու կարևոր հաղթանակներն այն հաղթանակներն են, որոնք ձեռք են բերվում քիչ կորուստներով կամ առանց կորուստների:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր Հայաստանն արդեն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս ոլորտը Հայաստանի արդյունաբերության ամենաբարձր ավելացված արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղն է, որն ամեն տարի արձանագրում է շուրջ 25 տոկոս աճ և առաջընթաց: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանում արդեն գործում են 300-ից ավելի ընկերություններ, որոնք միավորում են 5000-ից ավելի մարդկանց ջանքեր, ովքեր ունեն սիրած աշխատանք, բարձր աշխատավարձ և պահանջված մասնագիտություն:

Շատ կարևոր է գիտակցել, որ այս ոլորտի համար բացարձակապես խոչընդոտ չեն տրանսպորտային և այլ խնդիրները: Մենք հետևողականորեն ճանապարհ ենք հարթելու, որպեսզի հայ ժողովուրդն իր արժանի տեղը զբաղեցնի արագ ձևավորվող և փոփոխվող թվային աշխարհում: Մենք պատրաստ ենք լինել ճկուն և հարմարվել այս արագ փոփոխվող աշխարհի պայմաններին: Դրա վկայություններից մեկն էլ այս մրցանակաբաշխությունն է:

Խոսքիս այս հատվածում անպայման պետք է շնորհակալություն հայտնեմ այս մրցանակաբաշխությունը հնարավոր դարձրած բոլոր մարդկանց: Իմացե՛ք, որ սա ներդրում է Հայաստան երկրի և մեր ժողովրդի ապագայի համար, իսկական ծառայություն հայրենիքին, որ գնահատված է:

Հարգելի՛ պարոն Վոզնյակ,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ՝ մեզ հետ եք: Անկասկած, այս կարճատև այցի ընթացքում Դուք կծանոթանաք մեր երկրին և հուսով ենք, որ կսիրեք այն: Իսկ մենք միշտ սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցելու մեր սերն ու ջերմությունը:

Շատ ուրախ եմ, որ Դուք այսօր Հայաստանում եք և ուրախ եմ, որ արդեն մինչ այստեղ գալն ասել եք, թե դարձել եք Հայաստանի դեսպանը: Դա մեզ համար մեծ պատիվ է, հպարտություն, և մենք Ձեզ երախտապարտ ենք:

***

Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն:

Այս տարվա մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.president.am


Comments are closed here.