Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Համաշխարհային ՏՏ մրցանակի երրորդ դափնեկրի պարգեւատրման արարողություն

Ֆեդերիկո Ֆաջին

Համաշխարհային ՏՏ մրցանակի երրորդ դափնեկրի պարգեւատրման արարողություն

By In Նորություններ On November 22, 2012


Այսօր նախագահական պալատում «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակը:

Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի և տիկին Էլվիա Ֆաջինի Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի գաղափարին և առաքելությանը, ներկայացրել մրցանակի արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին:

Մրցանակի հանձնման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: ***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ

Հարգելի՛ պարոն Ֆաջին և տիկի՛ն Ֆաջին,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, նշանավոր ճարտարագետ պարոն Ֆեդերիկո Ֆաջինին:

Պատվավոր հյուրերին բարի գալուստ մաղթելը պետության ղեկավարի հաճելի պարտականություններից մեկն է: Հենց այդտեղ էլ այդ հեշտ ու հաճելի մասը շատ արագ ավարտվում է՝ իր տեղը զիջելով սովորաբար փակ դռների հետևում անցկացվող քաղաքական քննարկումներին:

Այդպիսին չի այս դեպքը: Մեր հյուրը մեծ գիտնական է, որի ժամանումը կապված է նրա ստեղծագործական վաստակի ճանաչման հետ: Այսօր Երևանում պարոն Ֆեդերիկո Ֆաջինին ենք շնորհում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը:

Պարոն Ֆաջինը հայտնի է որպես բազմաթիվ նորարարական գաղափարների հեղինակ: Սակայն նրա անունը ընդմիշտ ոսկե տառերով գրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման պատմության մեջ՝ որպես առաջին միկրոպրոցեսորների նախագծման և զարգացման աշխատանքների գործընթացի ղեկավար:

Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության ինքնատիպ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Այս մրցանակով մենք պատվում ենք պարոն Ֆաջինին և նրա գործընկերներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գիտելիքն ամենուր մատչելի դարձնելու համար: Համակարգիչներն ու համացանցն իսկապես լուրջ առաջընթաց են ապահովում ամբողջ մարդկության համար՝ խթանելով գիտության տարածումը, ուստի և՝ զարգացումն ու բարեկեցությունը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս մրցանակի նպատակն է խթանել այդ առաջընթացը և, ամենակարևորը, սևեռել երիտասարդության ուշադրությունը տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների ոլորտի լայն հնարավորությունների վրա: Մենք դա արել ենք, անում ենք և անելու ենք՝ փորձելով ամենավաղ հասակից բացահայտել երեխաների ստեղծագործական տաղանդը:

Ես վստահ եմ, որ դա Հայաստանի զարգացմանը նպաստող ամենաճիշտ ճանապարհն է: Միայն մեր երեխաներին լուրջ կրթության տալու միջոցով մենք կարող ենք ապահովել մեր երկրի արժանի տեղը ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Մեր որոշ հարևաններ պատեհ և անպատեհ առիթներով շատ են խոսում մեզ մեկուսացնելու, տնտեսական զարգացում ենթադրող ծրագրերից մեզ դուրս թողնելու մասին: Սակայն իրականում նրանք հենց իրենց հասարակությունն են մեկուսացնում: Քարոզում են պատերազմ և այլատյացություն: Արգելափակում են խոսքի և տեղեկատվության ազատությունը: Համացանցը, սոցիալական ցանցերը պատկերացնում են միայն որպես ատելության, ստի ու հոխորտանքի տարածման միջոց՝ շատ չտարբերելով դրանք քնած մարդուն սպանող կացնից: Եվ դեռ ժամանակը ցույց կտա, թե ում են վնասում և որտեղ են ավերներ գործում իրենց՝ խանական ոճի նման քաղաքականությամբ:

Կրթված սերունդ դաստիարակելու, մասնագիտական ոլորտներում գերազանցություն ձեռք բերելու միջոցով մենք ենք կերտում Հայաստանի ապագան: Վաղվա Հայաստանը շատ ավելի լավն է լինելու, քան այսօր է, և այդ նոր Հայաստանը կայանալու է այն բոլոր ներդրումների շնորհիվ, որոնք մենք այսօր կատարում ենք մեր ամենամեծ հարստության՝ մարդու մեջ: Մենք փառաբանում ենք պարոն Ֆաջինի պես պայծառ մարդկանց՝ իբրև ուղեցույց մեր զավակներին, թե ինչպես պետք է ապրել ու գործել:

Ընդամենը մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակ է անցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումից ի վեր: Այսօր արդեն այդ կենտրոնը շեշտակի ընդլայնում և ընդարձակում է իր գործունեությունը՝ ներգրավելով նորանոր երեխաների: Այնտեղ ստեղծվել են պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան հատուկ կրթություն ստանալ: Շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ այդ երեխաներին հնարավորություն է տրվել իրենց դրսևորելու՝ անկախ իրենց ընտանիքների սոցիալական վիճակից:

Սա տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում մեր բռնած երկար ճանապարհի ընդամենը առաջին հատվածն է: Այս ոլորտում մեր առաջընթացն ու զարգացումը անշեղ և վերընթաց է լինելու:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ պարոն Ֆաջին,

Մեր ժողովրդի տաղանդի շնորհիվ և մեր բարեկամների աջակցությամբ մենք պատրաստվում ենք առաջատար դիրքեր զբաղեցնելու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Վստահ եմ, որ այդ ճանապարհին դուք, պարո՛ն Ֆաջին, միշտ լինելու եք մեր կողքին:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք՝ մեզ հետ: Հուսով եմ, որ այս կարճատև այցի ընթացքում Դուք կկարողանաք ծանոթանալ նաև մեր երկրին ու մեր մշակույթին: Իսկ մենք միշտ ուրախ ենք հանդիպելու մեր բարեկամներին և ջերմությունը մեր սրտերում՝ սպասում ենք նրանց նոր այցելություններին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.president.am


Comments are closed here.