Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Հայաստանում է ինտերնետի «կնքահայրը»՝ Լուի Պուզենը

Լուի Պուզեն

Հայաստանում է ինտերնետի «կնքահայրը»՝ Լուի Պուզենը

By In Նորություններ On November 8, 2016


Այս մասին այսօր հայտնի դարձավ կազմակերպված ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ Լուի Պուզենը, մրցանակի հովանավոր ընկերության՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը և մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչ, «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Մորոյանը:

Մեկնարկելով ասուլիսը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այս տարի շնորհվելու է դեյտագրամի հայտագործող և «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզենին, ով նաև համարվում է համացանցի հիմնադիր հայրերից մեկը, և ում ներկայությունը մեր երկրում մեծ պատիվ ու ձեռքբերում է մեզ համար:

Ասուլիսի բանախոս, «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Մորոյանը նկատում է՝ ՏՏ ոլորտն էական արդյունաբերություն է Հայաստանի համար.

«Այս ոլորտի զարգացումն էական ուշադրության է արժանանում Հայաստանում և հատկապես տեղական իշխանությունների կողմից, ովքեր երկրի տնտեսության համար կարևորում են նոր տեխնոլոգիական զարգացումը: Ինչպես ես եմ նկատել, միջազգային մամուլն առանձնակի կարևորությամբ է լուսաբանում և կարևորում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը։ Միջազգային մամուլի կողմից անցյալ տարիներին բավականին լայն է լուսաբանվել այս երևույթը, ու եթե մենք դիտարկենք դրա ազդեցությունը, ապա վստահորեն կարող ենք ասել՝ այն ձևավորել է Հայաստանի իմիջը։ Ինչ վերաբերում է այս տարվա մրցանակակրին՝ ֆրանսիացի Լուի Պուզենին, ապա ինձ համար մեծ պատիվ է նրա ներկայությունն այստեղ՝ Հայաստանում: Ինչպես հայտնի է՝ մենք արդեն ունեցել ենք ՏՏ ոլորտը ներկայացնող, իրարից շատ տարբեր մրցանակակիրներ, ովքեր ներկայացրել են տարբեր ազգություններ, ահա Լուի Պուզենն այս ինդուստրիայի հզորագույններից է, ում կյանքի մասնագիտական ձեռքբերումները դժվար է լինելու թվարկել: Եթե մեկ բառով կարողանամ ամփոփել, ապա պետք է ասեմ՝ Լուի Պուզենը ինտերնետ կապի հիմնադիրն է՝ «կնքահայրը»»:

14976316_10205606428358746_7594211259404293536_o

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն իր խոսքում անդրադառնալով մրցանակի կարևորությանն ու «Open-Root» կազմակերպության հիմնադիր Լուի Պուզենի ներկայությանը՝ ընդգծեց.

«Երբ 8 տարի առաջ մենք ՀՀ նախագահին առաջարկեցինք հիմնել միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային հսկաներն ու լեգենդներն այս պատվավոր մրցանակը ստանալու համար ամեն տարի կայցելեն Հայաստան, քչերն էին հավատում, որ այս հավակնոտ ծրագիրը կյանքի կկոչվի: Բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, ովքեր այս ծրագիրը դարձրեցին իրականություն, և այն, որ նմանատիպ մրցանակաբաշխության հայտ ներկայացնողն առաջինն աշխարհում հենց հայերն են եղել, ունի նաև իր օբյեկտիվ պատճառները: Հայաստանում այս ոլորտը վերջին տարիներին մինչև 25% կայուն աճ է ապահովել, և համախառն ներքին արդյունքում նրա կշիռը համարժեք է շուրջ 4%-ի, որը լիարժեքորեն համադրվում է զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշների հետ: Շատ կարևոր էր, թե ովքե՞ր են լինելու առաջին հաղթողները, որովհետև հաջորդների համար ավելի հեշտ էր դառնում որոշում կայացնել՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը, իսկ շատերի համար նաև պատիվ էր: Ահա այսօր արդեն այս առիթով Հայաստան է ժամանել այս ոլորտի գերհսկաներից մեկը՝ «Open-Root» կազմակերպության հիմնադիր, իրավացիորեն ինտերնետի կնքահայր համարվող լեգենդար Լուի Պուզենը, ում մասնակցությամբ և ում հետ առաջիկա օրերին մի շարք հանդիպումներ ու կարևոր միջոցառումներ են նախատեսված»:

«Open-Root» կազմակերպության հիմնադիր, ինտերնետի կնքահայր Լուի Պուզենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հայաստանյան հրավերի համար՝ առանձնակի կարևորելով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը.

«Հայաստանյան հրավերը մեծ պատիվ է ինձ համար, որը ես սիրով ընդունել եմ: Այս առիթով կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև հատկապես այն մարդկանց, ովքեր հղացել ու կազմակերպել են այս մրցանակաբաշխությունը։ Ինտերնետ հասանելիության առումով Հայաստանն իրապես շատ հաջողակ է եղել և տեխնոլոգիական զարգացման հետքերով զարգացել է՝ բավական արագ տեմպեր գրանցելով: Այս ենթատեքստում կուզենայի նկատել, որ ինտերնետը միայն հաղորդալարերը չեն, դա նոր մարմին է, իրական օրգանիզմ՝ մկաններով, ներքին օրգաններով, հյուսվածքներով, որոնք միասին վերցված գործում են մեկ ընդհանուր համակարգի՝ ինտերնետ կոչվածի կաղապարում»:

Անդրադառնալով ՏՏ ոլորտում առկա մարտահրավերների խնդրին, ինտերնետի հիմնադիր Լուի Պուզենը նկատեց.

«Կան երեք մեծ գերտերություններ՝ Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ը, որոնք ունակ են ինտերնետ ռեսուրսների տեսանկյունից կառավարել ողջ աշխարհը: Նրանք մրցակցում են միմյանց հետ, փորձեր անում հաղթահարելու նաև սառը պատերազմի վտանգները։ Գերտերությունների այս մրցակցությունն իրականում մեծ մարտահրավեր է ապագայի համար, և մենք, ցավոք, չունենք պատասխան՝ ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս պրոցեսը: Գիտենք, որ Չինաստանն ունի իր սեփական ինտերնետ կապը՝ բացարձակապես չցանկանալով գտնվել, օրինակ, ամերիկյան վերահսկողության տակ, ուստի իրենց ինտերնետ կապն են ստեղծել՝ չինարենով, մյուս երկրները դեռևս դա չեն անում՝ շարունակելով մնալ հետևորդն ամերիկյան օրինակի»:

15002321_10205606428598752_2690904089383439156_o

Տեղեկացնենք, որ, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի նախահայրերից՝ Լուի Պուզենը (Louis Pouzin) հայտնագործել է դեյտագրամը (հաղորդակցություն առանց կապի) և համարվում է համացանցի նախահայրերից մեկը: Նա միջազգային համբավ է ձեռք բերել՝ որպես համակարգչային հաղորդագրության և ցանցային տեխնիկայի փորձագետ։ Իր կարիերայի մեծ մասը նա նվիրել է համակարգչային համակարգի նախագծմանը և իրականացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: Նախորդ տարիների մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.), «Cisco» ընկերության տեխնոլոգիական խմբի ավագ փոխնախագահ, «Insieme» բիզնես բաժնի գլխավոր տնօրեն Մարիո Մացցոլան (2014թ.) և «Կասպերսկու լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.):

Աղբյուրը՝ 168 ժամ


About the Author

admin

Leave a comment