Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Հովիկ Աբրահամյանը Մարիո Մացցոլային պարգեւատրել է անվանական ժամացույցով

Մարիո Մացցոլա

Հովիկ Աբրահամյանը Մարիո Մացցոլային պարգեւատրել է անվանական ժամացույցով

By In Նորություններ On November 14, 2015


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 2014 թ. դափնեկիր Մարիո Մացցոլային:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարիո Մացցոլային ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու առթիվ եւ նշել, որ պատիվ է ՀՀ կառավարությունում հյուրընկալել այս բնագավառի՝ շրջադարձային ձեռքբերումներ ունեցող ամենաակնառու ներկայացուցիչներից մեկին: Վարչապետը նշել է, որ տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը կառավարության ծրագրի գերակայություններից է՝ որպես Հայաստանի մրցակցային առավելություններն ապահովող ոլորտ. ՀՀ արդյունաբերության ամենաարագ զարգացող այս ճյուղն ամեն տարի արձանագրում է շուրջ 20-25 տոկոս աճ, եւ առկա է այն հզորացնելու մեծ ներուժ:

Շնորհակալություն հայտնելով մեր երկրում արժանացած ջերմ ընդունելության համար՝ պարոն Մացցոլան ներկայացրել է Cisco Systems ընկերության գործունեությունը, ձեռքբերումները եւ առաջիկա ծրագրերը:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում բազմաթիվ վերազգային ընկերությունների հետ, որի արդյունքում շատ կազմակերպություններ Հայաստանում հիմնում են իրենց տարածաշրջանային կենտրոնները: Հաշվի առնելով Cisco Systems ընկերության հետ համագործակցության հաջող փորձը (2010 թ. Հայաստանում գործում է «Սիսկո» ցանցային ակադեմիան)` ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնել այն եւ աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության: Մարիո Մացցոլան նշել է, որ ընկերությունը շահագրգռված է համատեղ նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ նպաստելով ոլորտի հետագա առաջընթացին եւ համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Cisco Systems ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլային պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

Աղբյուր՝ http://news.am/


About the Author

admin

Comments are closed here.