Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Մարիո Մացցոլան հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ

Մարիո Մացցոլա

Մարիո Մացցոլան հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ

By In Նորություններ On November 14, 2014


mazzola-vivacellՀայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների եւ 2014 թվականի ՀՀ նախագահի կրթական պարգեւի արժանացած ուսանողների համար «Innovations in Data Center Networking» դասախոսությամբ հանդես գալու նպատակով՝ «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Նա Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2014թ.-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2014) ստանալու համար: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում՝ ս.թ. նոյեմբերի 12-ին:

Մասնագիտական նեղ շրջանակների համար նախատեսված դասախոսությունից առաջ, կայացել է Մարիո Մացցոլայի համատեղ մամուլի ասուլիսը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Համաշխարհային ՏՏ ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի եւ «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանի հետ:

Հայաստանի մրցակցային առավելության կարեւոր ուղղություն համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է մրցունակ լուծումների մշակմանն ուղղված նախագծերին: Ընկերությունն արդեն հինգերորդ անգամ անընդմեջ ստանձնում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող այս կարեւոր մրցանակի հովանավորությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նաեւ մրցանակակրի ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է, իր ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանը տաղանդների երկիր է: Կյանքում չկա ավելի մեծ պարգեւ, քան հասնել մեր երազանքի իրականացմանը՝ Հայաստանի հզոր ներուժը տեսնել բացահայտված: Ձեզ հետ շփման հնարավորությունը մեզ թույլ կտա ավելի ճշգրիտ նախագծելու դեպի մեր երազանքը տանող ճանապարհը»:

«Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՀՏ ոլորտի հետ, եւ այս հեղինակավոր եւ հավակնոտ մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է: Աշխարհի հսկաները բարձր տեխնոլոգիաների ասպարեզում գալիս են Հայաստան՝ բարձրացնելով մեր երկրի ճանաչողությունը, որպես ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Պատմության մեջ, քչերն են ունեցել տեսլական, դիրք ու հնարավորություն ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բերել են խոշոր պարադիգմային տեղաշարժ ՏՏ ոլորտում, եւ որոնք իրենց դրական հետքն են թողել մեր կյանքում: Մարիո Մացցոլան այդ համաշխարհային ճանաչում վայելող հազվագյուտ լուսավոր անձանցից մեկն է: Նա միշտ եղել է հիմնական ուղղորդողը, ինչը հնարավորություն է տվել «Cisco» ընկերությանը շարունակական առաջատար լինել եւ վերափոխել համացանցային արդյունաբերությունը գլոբալ մակարդակում»,-ասել է մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մարիո Մացցոլան հինգերորդ մրցանակակիրն է:

Հիշեցնենք, որ առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը երկրորդն էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Երրորդ մրցանակակիրը «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինն էր: Կիսահաղորդիչային արդյունաբերության ասոցիացիայի նախագահ, Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ «Hitachi Electronic Devices Group»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ «Hitachi»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն եղել է չորրորդ մրցանակակիրը:

 

Աղբյուր՝ http://www.news.am


About the Author

admin

Related Posts

Leave a comment