Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Մարիո Մացցոլա. «Չէի սպասում, որ նման մրցանակ կստանամ»

Մարիո Մացցոլա

Մարիո Մացցոլա. «Չէի սպասում, որ նման մրցանակ կստանամ»

By In Նորություններ On November 14, 2014


mazzola-168Հարցազրույց Cisco-ի զարգացման գծով տնօրեն Մարիո Մացցոլայի հետ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակին այս տարի արժանացավ Մարիո Մացցոլան։ Հայաստանում (ինչո՞ւ ոչ` աշխարհում) նրա անունը նույնքան հայտնի չէ, որքան, ասենք, Սթիվ Ջոբսի կամ Բիլ Գեյթսի անունները։ Ինքն էլ խոստովանում է, որ հայտնի չէ։ Սակայն Cisco ընկերության զարգացման գծով տնօրեն, 68-ամյա Մարիո Մացցոլան ամերիկյան հեղինակավոր մասնագիտական ամսագրերի կողմից ճանաչվել է ՏՏ ոլորտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Աղբյուր՝ http://168.am

Նշենք, որ Cisco-ն ցանցային սարքավորումների արտադրությամբ զբաղվող ամերիկյան խոշոր ընկերություն է, որի տարեկան եկամուտը գերազանցում է 47 միլիարդ դոլարը։ Մարիո Մացցոլան ծնվել և կրթություն է ստացել Իտալիայում, հետո տեղափոխվել ԱՄՆ` Սիլիկոնային հովիտ։ Այնտեղ էլ հիմնել է իր առաջին ստարտ-ափ ընկերությունը` David Systems-ը։ Ասել, որ առաջին փորձը հաջող էր, սխալ կլինի։ Սակայն հենց David Systems-ի շնորհիվ ձևավորվեց Մարիո Մացցոլա-Փրեմ Ջեյն-Լուկա Քաֆիերո եռյակը, որը պետք է 30 տարի միասին աշխատեր և դառնար կենդանի լեգենդ ՏՏ ոլորտում։

Ամեն ինչ սկսվեց Crescendo-ից, որը երեք գործընկերները հիմնադրեցին 1990-ականների սկզբին և վաճառեցին Cisco-ին։ Դա տեխնոլոգիական հսկայի առաջին ձեռքբերումն էր եռյակից: Հետագայում համագործակցության այդ մոդելը հաջողությամբ շարունակվեց։ Cisco-ն որոշակի ներդրում էր կատարում start-up բիզնեսում, Մարիո-Փրեմ-Լուկա եռյակն իր թիմով զարգացնում էր այն, հետո Cisco-ն շատ ավելի թանկ գնով ձեռք էր բերում այդ բիզնեսները։ Այդ գործելաոճը ոմանց սխալ էր թվում, սակայն Cisco-ի նախագահ Ջ. Չեմբերսը երբեք ետ չկանգնեց այդ ուղուց` ապացուցելո, որ այն արդյունավետ է։ Վերջին խոշոր գործարքը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։ 2012-ի ապրիլին Cisco-ն 100 միլիոն դոլար ներդրեց Insieme Networks-ի մեջ: Իսկ 2013 թվականի նոյեմբերի 6-ին ձեռք բերեց այդ ընկերությունը 863 միլիոն դոլարով։

- Պրն Մացցոլա, Հայաստանի ճարտարագիտական համալսարանում ելույթ ունենալիս ասացիք, որ արդեն ծեր եք և որոշակի դժվարությամբ եք ընկալում փոփոխությունները։ Հասկանալի է, որ կարևորում էիք երիտասարդ սերնդի դերը։ Սակայն մյուս կողմից` զբաղեցնում եք Cisco-ի նման հսկա ընկերության զարգացման գծով տնօրենի պաշտոնը։ Այսինքն` այն մարդն եք, որը պատասխանատու է ընկերության ապագայի համար։ Արդյոք այս առումով հակասություն չկա՞։ 

- Ես փոքր-ինչ այլ իմաստով եմ ասում, որ արդեն տարիքս առել եմ (ծիծաղում է.- Բ.Թ.)։ Այսպես ասեմ, մեզ մոտ ամեն ինչ հիմնված է թիմային աշխատանքի վրա։ Կան շատ շնորհալի երիտասարդներ` որակավորված, որոնք մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսերին: Միշտ փորձել եմ անկեղծ աշխատել երիտասարդների հետ, որոնք շատ ավելի պայծառ են, քան ես, շատ նպատակասլաց, հարկ եղած դեպքում` ագրեսիվ (դրական իմաստով)։ Եվ միշտ շեշտում եմ, որ տեսլականը կարևոր է, սակայն մեծ նշանակություն ունի նաև իրականացումը. եթե ունես լավ տեսլական, ապա այն անհրաժեշտ է նաև ճիշտ իրականացնել։ Ինքս ինձ ազնվորեն նայելով` տեսնում եմ, որ իմ հորիզոնը սահմանափակ է։ Նկատի ունեմ ոչ թե` ապագայի, այլ` ակտիվ աշխատանքի առումով։ Սակայն երիտասարդ սերնդի հետ աշխատելն այդ առումով փոխլրացնում է այդ բացը և շատ արժեքավոր է` թե՛ ինձ համար, թե՛ նրանց, որովհետև նրանք էլ ավելի են կայանում ու անկախ դառնում։ 

- Ձեր եռյակի մասին ՏՏ ոլորտի ամերիկյան ամսագրերից մեկը գրել էր, որ Դուք դրա հոգին եք, մյուս երկուսը` ուղեղը և սիրտը։ Ի՞նչ է նշանակում` լինել գործի հոգին։

- Անկեղծ ասած` այդ գնահատականի հետ ծանոթ չեմ. չեմ կարող ասել` հոդվածագիրը կոնկրետ ինչն է նկատի ունեցել։ Սակայն ենթադրում եմ, որ նկատի է ունեցել ոգեշնչումը։

- Այսինքն` գաղափարների նախաձեռնողը Դո՞ւք եք եղել։ Ձեր եռյակի մեջ աշխատանքի բաժանում կա՞ր` ով ինչով է զբաղվում։

- Ոչ, չէի ասի, որ նման բաժանում կա։ Աշխատանքը շատ էր, և բոլորս էլ տքնաջան աշխատում էինք։ Այնպես չէր, որ ամեն մեկս առանձին առաջադրանք ուներ իր առջև դրված։ Այդուհանդերձ, ես ավելի շատ հստակեցնում էի ուղղությունները` որ կողմ շարժվել, որտեղ ներդրումներ անել։ Ինչպես նշեցի, մի բան է տեսլականը, մեկ այլ բան` այն կյանքի կոչելն ու արդյունք ստանալը։ Ու այդ առումով, թեպետ ես ծանոթ չեմ հոդվածին, սակայն կարծում եմ` Փրեմ Ջեյնը սիրտն է, իսկ Լուկան` ուղեղը (ի դեպ, հոդվածում հենց այդպես էլ նշված էր.- Բ.Թ.): 

- Դուք նաև նշել էիք, որ հայտնի չեք։ Սակայն Դուք համարվում եք ՏՏ ոլորտի 50 ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

- Երբեք չեմ մտածել այդ մասին` իմ անձնական ճանաչվածության մասին։ Միշտ ուշադրությունս եղել է իմ թիմի, իմ ընկերության վրա. ինչպես անել, որ այն իր ուրույն տեղը զբաղեցնի այս ոլորտում։ Այո՛, մասնակցում եմ կոնֆերանսների, հանրային միջոցառումներիգ Սակայն ես այն եմ, ինչ կամ։ Չեմ փորձում իմ կերպարը հայտնի դարձնել կամ ներկայացնել մի կերպար, որն ինձանից տարբեր է։

- Դուք ստեղծում էիք ընկերություններ և հետո բավականին թանկ գնով վաճառում Cisco-ին։ Այսինքն` Դուք զբաղվում եք և ճարտարագիտությամբ, և բիզնեսի կառավարմա՞մբ: Թե՞ բիզնեսի ոլորտը Ձեր պատասխանատվությունից դուրս էր։

- Ոչ, իմ պատասխանատվության տակ էր։ Օրինակ, Crescendo-ի գործարքի ժամանակ (դա առաջին ձեռքբերումն էր Cisco-ի կողմից) ես գլխավոր գործադիր տնօրենն էի և նախագահը։ Նաև հաջորդ գործարքների ժամանակ էր այդպես։ Այդ թվում` վերջին գործարքի` Insieme-ի ժամանակ ես նախագահն էի, Լուկան և Փրեմը` տնօրեններ։ Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. չի կարող լինել տեխնոլոգիա` տեխնոլոգիայի համար։ 

Տեխնոլոգիան պետք է լինի կիրառելի, օգնի մարդկանց, ընկերություններին, բիզնեսին` իրական կյանքում լուծումներ գտնել։

Իսկ դրան հասնելու համար պետք է կարողանաս ամեն ինչը հաշվարկել` ներդրումները, ռիսկերը, իրականացման ժամանակը: Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ժամանակի գործոնը վճռորոշ է։ Որոշումների ընդունման պրոցեսում ամենակարևորը հետևյալն է` ե՞րբ ներդնել, ներդնե՞լ, թե՞ ոչ։ Եթե ժամանակից առաջ ընկնես, շուկան պատրաստ չի լինի, քո առաջարկը սպառողի կողմից չի ընկալվի` որպես իր կարիքները բավարարող բան։Եթե ուշանաս, այդ ամենն արդեն իմաստ չի ունենա։ Պետք է ընտրես ճիշտ ժամանակը։

Այնպես որ, բիզնես ունակություններն այստեղ կարևոր են, մանավանդ, որ գործոններն ու հանգամանքները շատ արագ են փոխվում, և հնարավոր չէ ամեն ինչ ճշգրիտ հաշվարկել։

- Մինչև մրցանակի մասին իմանալը լսե՞լ էիք Հայաստանի մասին

- Այո՛, իհա՛րկե։ Սակայն առաջին անգամ եմ Հայաստանում։

- Դուք ծնունդով Իտալիայից եք` Սիցիլիայից։ Ասում են` հայերն ու իտալացիները բնավորության որոշ գծերով նման են իրար: Հասցրե՞լ եք նկատել այդ նմանությունը։

- Այս մի քանի օրվա ընթացքում շփվելով մարդկանց հետ` զգացողություն ունեմ, որ Հայաստանը համահունչ է իմ արմատներին։ Շատ նմանություններ եմ գտել։ Եվ հյուրասիրության բարձր մակարդակ։ Իտալիայի հարավային մասում մարդիկ ավելի հյուրընկալ են և ջերմ, քան հյուսիսում։ Ես այստեղ զգացի այդ հարավային ջերմությունը։ Մարդկային կապը, ընտանեկան արժեքները, հարգանքը մեծերի նկատմամբ և այլնգ Այս ամենը շատ հոգեհարազատ է իմ արժեհամակարգին։ 

- Ե՞րբ իմացաք, որ արժանացել եք ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին։

- 4-5 ամիս առաջ։

- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար այս մրցանակը։ Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ իմացաք, որ արժանացել եք դրան։

- Անկեղծ` չէի սպասում։ Ինձ համար զարմանալի էր։ Ես իմացա, որ այդ մրցանակը տրվել է Սթիվ Վոզնյակին` Apple-ից, Intel-ի տնօրենինգ Հասկանո՞ւմ եք` այս մարդիկ ավելի բարձր դիրք ունեն, ավելի հայտնի են, քան ես։ Այդ իսկ պատճառով մրցանակն ինձ համար անակնկալ էր, ինչ-որ առումով` տարօրինակ. ես այդ մասին կազմակերպիչներին էլ ասացի։ Բայց ինչ խոսք, լավ զգացի։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի։ Ու շատ պարտավորեցնող է։ Նաև մեկ այլ` բավականին անձնական հանգամանք կա։

Ես Իտալիայից ԱՄՆ տեղափոխվեցի անձնական պատճառներով, ոչ թե ավելի լավ կրթության կամ կարիերայի համար։ Ու բազում տարբեր պատճառներով այնպես է ստացվել, որ չեմ կարողացել որևէ բան վերադարձնել Իտալիայինգ Իհարկե, ճիշտ չի լինի, եթե ասեմ, որ ես պատկանում եմ Հայաստանին այնպես, ինչպես Իտալիային։ Սակայն նմանությունները, հարազատ զգացողությունները շատ են։ Եվ եթե անհրաժեշտ լինի ինչ-որ բան անել Հայաստանի համար, իմ ներդրումն ունենալ, աջակցել` իմ հնարավորությամբ կամ ազդեցությամբ, ապա մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ դա կանեմ։ 

Աղբյուր՝ http://168.am


About the Author

admin

Related Posts

Leave a comment