Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին շնորհվեց Պատվավոր դոկտորի կոչում

Դր․Ջեյմս Թրուշարդ

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին շնորհվեց Պատվավոր դոկտորի կոչում

By In Նորություններ On December 5, 2018


Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018թ. դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը:

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ջեյմս Թրուշարդի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ջեյմս Թրուշարդին շնորհվեց ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում:

Այս մրցանակով համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն: Սկսած 2009 թվականից, մրցանակն ամեն տարի շնորհվում է մեկ անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ՝ դրականորեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

Ջեյմս Թրուշարդը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպեց ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ոլորտային գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:

Հանդիսավոր արարողությունը բացեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ով իր ներածական խոսքում ասաց. «Ամենաջերմ մաղթանքներս եմ հղում մեր հյուրին: Անչափ ուրախ եմ ՏՏ ոլորտում բարձր հեղինակություն ունեցող այս անձնավորությանը ընդունել Պոլիտեխնիկում: Պոլիտեխնիկը, լինելով երկրի առաջատար գիտատեխնիկական բուհը, անչափ կարևորում է տեխնիկական կրթության դերը Հայաստանի գիտահեն տնտեսության կառուցման գործում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակակիրներին Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորի կոչման շնորհմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում նրանց` համաշխարհային ՏՏ ոլորտում իրենց կատարած բացառիկ ներդրման համար, այլև հնարավորություն ենք ընձեռում բուհի ուսանողներին ու դասախոսական կազմին անձամբ հանդիպելու ՏՏ ոլորտը առաջնորդող համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերի հետ և քննարկելու այդ ոլորտում իրենց հուզող և հետաքրքրող հիմնահարցերը: «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ մեր համագործակցությունը նոր որակ և բովանդակություն է հաղորդել մեր բուհի հետազոտական և գիտական աշխատանքներին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ջեյմս Թրուշարդը. «Ես ուրախ եմ, որ մեր ընկերությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ Հայաստանում ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների ստեղծման ծրագրեր է իրականացնում։ Ինձ համար գերագույն հաճույք է լինել այս համալսարանի պատերի ներսում և գնահատված ու ճանաչված զգալ: Անչափ տպավորված եմ Հայաստանի հյուրընկալությունից, ջերմությունից: Հպարտ եմ, որ գտնվում եմ մի երկրում որը աշխարհին կարող է օրինակ ծառայել իր վերածնումով»:

Ջեյմս Թրուշարդը հանդես եկավ մասնագիտական կարճ զեկուցմամբ բուհի աշխատակիցների, հետազոտողների, դասախոսական անձնակազմի և ուսանողների համար: Այնուհետև բուհի ղեկավորության և ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանի ուղեկցությամբ նա այցելեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, որի ներդրումների մի մասը ապահովել է հենց «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը: Ծանոթացավ լաբորատորիաներում սովորող ուսանողների հետ, ովքեր սովորում են հիմնարար ճարտարագիտական առարկաներն ինտերակտիվ ձևով՝ օգտագործելով ժամանակակից ուսումնական մեթոդներ, ինչպիսիք են գործնական և նախագծի վրա հիմնված ուսուցումը:

Աղբյուր `  npua.am/2018/11/30/co-founder-of-national-instruments-james-trushard-was-awarded-the-title-of-honorary-doctor-of-anas/


About the Author

admin

Leave a comment