Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Հայաստանը տեխնոլոգիական մեծ ապագա ունի. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին

Դր. Տակեո Կանադե

Հայաստանը տեխնոլոգիական մեծ ապագա ունի. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին

By In Նորություններ On February 19, 2020


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:
Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած նորարարություն, նույնիսկ մեծագույնը, չի կարող լուծել խնդիրները, այն կարող է պատասխանել միայն հարյուրավոր հարցերից մեկին։ Ձեր՝ տեխնոլոգիաների զարգացման համար այդքան մեծ բան արած մարդու գործունեությունը առաջ է բերում նոր հարցեր՝ ի՞նչ է լինելու հետո։ Ինչպես Դուք նշեցիք, այդ հարցերից որոշներն այս պահին փիլիսոփայական են, սակայն արդեն վաղը դրանք լինելու են գործնական։
Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան։ Ուրախ եմ, քանի որ դա ուղղակիորեն չի ուղղորդվում կառավարության կամ այլ ինստիտուտների կողմից, այլ՝ կան բազմաթիվ էնտուզիաստներ։
Նախագահական ինստիտուտն իր ուժերի առավելագույն չափով աջակցելու է տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք ունենք մեր սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM։ Մենք հրավիրել ենք բազմաթիվ խոշոր ընկերությունների, կարծում եմ՝ այդ ընկերություններն այստեղ կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով»։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ «Մենք նաև հետաքրքիր հանդիպում ունեցանք վարչապետ Աբեի հետ,- նշել է նախագահ Սարգսյանը։-Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել միասին և առանձնացրինք նոր տեխնոլոգիաները, որտեղ Հայաստանն ու Ճապոնիան կարող են համագործակցել»։
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայերով: Աշխարհահռչակ գիտնականն ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա՝ նկատելով, որ Հայաստանում, ինչպես Ճապոնիայում ծնողները ցանկանում են, որ երեխաները լավ կրթություն ստանան:
Համաձայնելով Տակեո Կանադեի հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայերն ամենուր մեծ կարևորություն են հատկացնում կրթությանը, ցանկանում են, որ իրենց երեխաները լավ կյանք ունենան, իսկ լավ կյանքի համար լավ կրթություն է հարկավոր»։
Հայաստանի նախագահը և ճապոնացի գիտնականը զրուցել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, գիտակրթական ծրագրերի, ուսանողների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը Տակեո Կանադեին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական քննարկումները ընթանալու են 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ:

Աղբյուր` https://www.president.am/hy/press-release/item/2019/12/06/President-Armen-Sarkissian-met-with-Takeo-Kanade/


About the Author

admin

Leave a comment