
Ստիվ Վոզնյակ
«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր
Ստիվ Վոզնյակը` երեսուն տարի շարունակ համարվելով Սիլիկոնային հովտի լեգենդ և բարերար, մեծ դեր է խաղացել համակարգչային արտադրության կայացման գործում` նախագծելով Apple-ի առաջին հոսքագծի` Apple I և Apple II համակարգիչները և մասնակցելով նշանավոր Macintosh-ի ստեղծմանը: 1976թ.-ին Վոզնյակը Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնել են Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի նախագծած Apple I անձնական համակարգիչը: Հաջորդ տարի նա ներկայացրել է Apple II անձնական համակարգիչն առանձին կենտրոնական ղեկավարող միավորով, ստեղնաշարով, գունավոր գրաֆիկայով և ճկուն սկավառակատարով: Apple II-ը հիմնարար դերակատարություն ունեցավ անձնական համակարգիչների արտադրության գործընթացում:
1981թ.-ին նա վերադառնում է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան և ավարտում ուսուցումը` ստանալով էլեկտրական ճարտարագիտության/համակարգչային գիտության մասնագետի որակավորում: 1985թ.-ին Apple Computer–ում կատարված նվաճումների համար ԱՄՆ Նախագահը Վոզնյակին է հանձնում Ամերիկայի առաջատար նորարարների համար նախատեսված բարձրագույն պարգևը` Տեխնոլոգիայի Ազգային Մեդալը:
2000թ.-ին նրա անունն ընդգրկվել է Գյուտարարների Փառքի Սրահում և նրան շնորհվել է հեղինակավոր Հայնցի անվան պարգևը տեխնոլոգիաների, տնտեսության և գործատվության բնագավառում` առաջին անձնական համակարգչի ինքնուրույն նախագծման և այնուհետև մաթեմատիկային և էլեկտրոնիկային անվերապահ նվիրումի համար` ոգևորելով շրջանավարտ ուսանողներին և նրանց ուսուցիչներին:
Տարիների ընթացքում Վոզնյակը մասնակցել է տարբեր գործարարական և բարերարական նախաձեռնությունների, նպաստելով դպրոցներում համակարգչային հնարավորությունների ընդլայնմանը և խրախուսելով ուսանողների առձեռն ուսուցման և ստեղծարար մոտեցման ձևաչափը: Ներդնելով իր ժամանակն ու ռեսուրսները կրթության մեջ, նա իր հովանավորության տակ է վերցրել Լոս Գաթոս դպրոցական թաղամասը, տրամադրելով ուսանողներին և ուսուցիչներին առձեռն ուսուցման նյութեր և գերժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Նա Էլեկտրոնային Սահմանների Հիմնադրամի հիմնադիրն է, ինչպես նաև Տեխնոլոգիաների թանգարանի, Սիլիկոնային հովտի բալետի և Սան-Խոսեի Մանկական հայտնագործությունների թանգարանի հիմնադիր հովանավորը:
Այժմ Վոզնյակը Fusion-IO –ում զբաղեցնում է Գլխավոր Գիտնականի պաշտոնը: 2006թ.-ի սեպտեմբերին Նորթոն Փաբլիշինգ հրատարակչությունում լույս տեսավ նրա հեղինակած «iWoz: From Computer Geek to Cult Icon» ինքնակենսագրությունը, որը «Նյու Յորք Թայմս»-ի կողմից ճանաչվեց բեսթսելլեր: Հեռուստատեսությամբ նա հանդես է եկել «Քեթի Գրիֆինի հետ ռեալիթի-շոու», «Իմ կյանքը Դ-լիստում», «Աստղային պարեր» և «Բինգ Բանգ Թեորի» հաղորդաշարերում: