Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Մարիո Մացոլան $1 մլն կնվիրաբերի Հայաստանի Ամերիկյան համալսարանին

Մարիո Մացոլա

Մարիո Մացոլան $1 մլն կնվիրաբերի Հայաստանի Ամերիկյան համալսարանին

By In Նորություններ On May 4, 2015


Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014թ. մրցանակակիր, Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան $1մլն կնվիրաբերի Հայաստանի Ամերիկյան համալսարանին:
Այս մասին հայտարարվել է այսօր` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիսին, որին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ Թոնի Մորոյանը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է 2009թ.: Մրցանակաբաշխությունը ֆինանսավորում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Ամենամյա մրցանակը շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած այն անձանց, որոնք տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի ներդրումներով նշանակալի զարգացումներ են բերել համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Ֆինանսավորելով մրցանակաբախությունը` մենք օժանդակում ենք մեր երկրի ՏՏ պոտենցիալի ճանաչողականության բարձրացմանն աշխարհում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մյուս ոլորտներին զուգահեռ մեծ ուշադրություն է դարձնում կրթության ոլորտին: Արժեքավոր է հատկապես այն, որ ՏՏ ոլորտի հայտնիներն այցելում են մեր երկիր եւ հանդիպում հատկապես երիտասարդների հետ՝ փոխանցելով իրենց փորձը: Այս մրցանակաբաշխությունը ծառայում է հենց այդ նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մարիո Մացոլայի կողմից նվիրաբերված գումարը կօգտագործվի ֆինանսական դժվարություններ ունեցող ուսանողներին օգնելու նպատակով՝ ուսման վարձի տեսքով: Ամեն տարի շուրջ 20 ուսանող կստանա կրթաթոշակ»,- տեղեկացրել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը` ընդգծելով, որ թիրախային խումբը համակարգչային գիտությունների բաժնի ուսանողներն են լինելու:

Նրա խոսքով` երբ առաջին տարին համալսարանի բակալավրիատում բացվել է համակարգչային գիտությունների բաժինը, 40 ուսանող է ընդունվել, անցած տարի նրանց թիվը հասել է 80-ի, իսկ այս տարի ծրագրում են 120 ուսանող ընդունել:

«Մինչ Հայաստան ժամանելը Մացոլան անգամ չէր լսել Հայաստանի մասին, ինչը զարմանալի է, քանի որ Սիլիկոնյան հովտում Հայաստանի մասին բոլորը գիտեն: Այցելելով Հայաստան` նա ցանկացավ օժանդակել բարձրագույն կրության զարգացմանը Հայաստանում: Դրան է ուղղված նաեւ Ամերիկյան համալսարանին $1 մլն նվիրաբերությունը»,- ասել է «Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն եւ նախագահ Թոնի Մորոյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին Cisco-ն ներկայացված կլինի նաեւ Հայաստանում:

«Մրցանակաբաշխությունն այնպիսի հաջողություն ունեցավ, որ որոշեցինք թողարկել նամականիշներ, փոստային բացիկներ եւ ծրարներ: Նպատակն էր այդպիսով եւս համաշխարհային հանրությանը տեղեկացնել այս կարեւոր մրցանակաբաշխության մասին: Ամեն երեք տարին մեկ պետական նշանակության մեկ բացիկ է թողարկվում: Այս տարվա վերջում արդեն կունենանք երկրորդ բացիկը՝ վերջին երեք տարիների հաղթողների պատկերներով»,- հայտարարել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի 2013թ. մրցանակի դափնեկիր «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն «Հայաստանը որպես ինովացիոն երկիր» վերնագրով գիրք է հեղինակել: Այն լույս կտեսնի մոտ ապագայում` ճապոներենով:

«Կարծում եմ, որ գրքի հատուկ շնորհանդես կունենանք Երեւանում, իսկ հետագայում այն լույս կտեսնի նաեւ հայերեն եւ անգլերեն լեզուներով»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե երբ պարզ կդառնա ՀՀ նախագահի 2015թ. մրցանակի դափնեկրի անունը, նա նշել է, որ արդեն իսկ ունեն թեկնածուների ցուցակ, սակայն վերջնական ընտրությունը կկատարվի սեպտեմբերին, մրցանակն էլ կհանձնվի նոյեմբերին:

Աղբյուր` itel.am


About the Author

admin

Leave a comment