Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Սերժ Սարգսյանն ընդունել Է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015թ. մրցանակին արժանացած Եվգենի Կասպերսկուն

Եվգենի Կասպերսկի

Սերժ Սարգսյանն ընդունել Է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015թ. մրցանակին արժանացած Եվգենի Կասպերսկուն

By In Նորություններ On August 17, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցած, կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն, ով արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակին:

Նախագահը ողջունել է Եվգենի Կասպերսկուն և նրա տիկնոջը՝ Խու Շիրոնգին մեր երկրում՝ նշելով, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում իր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել այն աշխատանքը, որ կիբերանվտանգության ոլորտում իրականացնում է Եվգենի Կասպերսկու գլխավորած լաբորատորիան և հաջողություններ մաղթել նրան այդ կարևորագույն աշխատանքում:

Եվգենի Կասպերսկին նշել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան՝ ամեն անգամ հասցնելով համատեղել աշխատանքը զբոսաշրջության հետ և հրաշալի տպավորություններ ունի երկրից: Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը նկատելի է:

«Ես շատ ուրախ եմ այս հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հպարտ եմ, որ համալրեցի նրա դափնեկիրների ցուցակը ՏՏ համայնքի իսկական լեգենդների հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործադիր խորհրդին՝ մրցանակի և երկրում այս ոլորտին մոտիկից ծանոթանալու հնարավորության համար: Աշխարհը ավելի է համակարգչայնացվում ու թվայնացվում, և տնտեսության ու հասարակական կյանքի համար տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը շարունակում է աճել: Մենք, անպայման, կշարունակենք աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Եվգենի Կասպերսկին:

Հանդիպումից հետո Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Եվգենի Կասպերսկու և տիկին Խու Շիրոնգի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:

***

Լրացուցիչ տեղեկություններ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վերաբերյալ

Եվգենի Կասպերսկին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի վեցերորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, իսկ հինգերորդը՝ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Աղբյուրը` president.am


About the Author

admin

Leave a comment