Համաշխարհային ՏՏ մրցանակ
Menu

Սթիվ Վոզնյակ. «Սթիվ Ջոբսի հետ հավատում էինք, որ մեծ գործ ենք անում»

Սթիվ Վոզնյակ

Սթիվ Վոզնյակ. «Սթիվ Ջոբսի հետ հավատում էինք, որ մեծ գործ ենք անում»

By In Նորություններ On August 15, 2010


Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն այսօր Երեւանում ասել է, որ դեռ 40 տարի առաջ հստակ որոշել էր, որ դառնալու է ճարտարագետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում Սինոփսիս Արմենիա ընկերությունում Հայաստանի ՏՏ-հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սթիվեն Վոզնյակը պատմել է, որ իր առաջին սարքերը սկզբից մինչեւ վերջ պատրաստում էր ինքնուրույն՝ միջոցներ չունենալով դրանք այլ ընկերություններին պատվիրելու համար: «Միեւնույն ժամանակ մեծ հաճույք էի ստանում այդ ամբողջ գործընթացից», – ասել է նա:

«Մարդկանց թվում է, թե տեխնոլոգիաները քրտնաջան աշխատանք են: Ինձ համար երբեք այդպես չի եղել: Ես անում էի դա սիրով ու իմ հաճույքի համար», – ասել է Սթիվեն Վոզնյակը, հավելելով, որ Սթիվ Ջոբսն ուղղորդում էր իրեն այն հարցում, թե ինչ է պետք մարդկանց:

«Մեծ ճարտարագիտությունը ենթադրում է այնպիսի սարքերի ստեղծում, որոնք մարդամոտ են, հեշտ են օգտագործվում եւ մարդկանց մեջ դրանք օգտագործելու ցանկություն են առաջացնում: Շատ ճարտարագետներ դա անտեսում են, մինչդեռ համակարգիչը պետք է հաճելի լինի օգտագործման համար, որպեսզի ձեր արտադրողականությունը բարձրանա», – ասել է Սթիվեն Վոզնյակը, հավելելով, որ Apple-ը առաջին համակարգիչն էր, որը մարդկանց առաջարկեց խաղեր, գունավոր դիսփլեյ հասանելի գնով:

Սթիվեն Վոզնյակն ասել է, որ տեղյակ է Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ ՏՏ-կենտրոն լինելու մասին եւ համոզմունք է հայտնել, որ իր ու Սթիվ Ջոբսի գաղափարները կարելի էր իրագործել նաեւ Հայաստանում:

«Պետք է ուղղակի խիզախություն` հավատալու համար, որ դու կարող ես դա անել: Մենք Սթիվի հետ հավատում էինք, որ մեծ գործ ենք անում», – ասել է Սթիվեն Վոզնյակը:

Վաղը Սթիվեն Վոզնյակին կշնորհվի ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը: Մրցանակը հիմնադրվել է Սինոփսիս Արմենիա ընկերության նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

Աղբյուրը` Մեդիամաքս


About the Author

admin

Leave a comment